Առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ այսօր՝ ժամը 10.00-ի տվյալներով` սուր շնչառական վարակներով ստացիոնար դիմելիությունը կազմել է 948 դեպք, 796-ը` 0-18 տարեկան: Թոքաբորբով հոսպիտալացվածները 422-ն են, 199-ը` 0-18 տարեկան։ Սուր շնչառական վարակներով և թոքաբորբերով հոսպիտալացվել է 114 հղի։ Վերակենդանացման բաժանմունքներում բուժում է ստանում 92 հիվանդ։ «Երեկ «Էրեբունի» բժշկական կենտրոնում մահացել է 1954-ին ծնված կին, որ սրտի իշեմիկ հիվանդություն, շաքարախտ ուներ, հաստատվել էր գրիպի Ա տեսակի H1N1 ենթատեսակը»,- ասված է հաղորդագրությունում։ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում երեկ մահացած ծննդկանի մոտ լաբորատոր հետազոտությամբ գրիպի Ա տեսակի H1N1 վիրուս չի հայտնաբերվել։
«28 շաբաթական հղիության ժամանակ կեսարյան հատմամբ ծննդալուծված կնոջ վիճակը տևական ժամանակ ծայրահեղ ծանր էր»,- ասված է հաղորդագրությունում։
Նախարարությունը նշում է, որ H1N1 վարակից արձանագրվել է մահվան 11 դեպք, որից 3-ը` 2015-ին: «Առողջապահության նախարարի հրամանով հիվանդանոցային բժշկական օգնություն և սպասարկում պահանջող, գրիպի վարակի հետևանքով առաջացած բարդությունների կապակցությամբ հոսպիտալացված ՀՀ բնակչության բոլոր սոցիալական և տարիքային խմբերին պատկանող անձանց համար ստացիոնար բուժման փոխհատուցումն իրականացվում է պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում», - ասված է հաղորդագրությունում: